Booking.com
Հաց ուտելուց առաջ գրեյփֆրուտի հյութը կամ կես հատ արքայանարինջի օգտագործումը կարող է օգնել խուսափել ավելորդ քաշից: Նման եզրահանգման են եկել Նյու-Յորքի Վանդերբիլթ համալսարանի մասնագետները, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը` վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր օգտագործել են գրեյփֆրուտի հյութ կարողացել են էականորեն նիհարել: Ընդ որում, կարեւոր է օգտագորել այն հաց ուտելուց առաջ: 14 օրվա ընթացքում փորձաքննություն անցածները կարողացել են կորցնել քաշի 7 տոկոսը, որը հավասարազոր է 7 կգ-ի:



Իտալիայի Կատանձարո քաղաքի համալսարանի գիտնական Լուկա Պասամոնտին որոշել է այն մթերքների ցանկը, որոնք հնարավորություն են տալիս ազատվել գրգռվածությունից ու ցասումից։ Այդ մթերքն են շոկոլադը, խավիարը, կաթը, պանիրը, խոզի, տավարի, հավի մսերն ու ընկուզեղենը։
Մասնագետը կարողացել է ապացուցել, որ լավ տրամադրության գրավականը «ճիշտ սնունդն» , որը պարունակում է տրիպտոֆան ամինաթթուն, սակայն որպես կանոն այդ մթերքները «հակադիետիկ» են։
Այնուամենայնիվ, Պասամոնտին շեշտում է, որ մարդը օրական նվազագույնը 350 գրամ նման սնունդ պետք է օգտագործի, ինչը թույլ կտա խուսափել սթրեսից, նվազեցնել ագրեսիվությունը և վերահսկել բացասական էմոցիաներն ու ցասումը, ավելին, նման դիետան կարող է հոգեկան հիվանդություններ բուժել։
Ուշագրավ է, որ նա այլընտրանք չի առաջարկում, թե ինչպես պահպանել կազմվածքը։
Պասամոնտին համոզված է, որ նիհար մարդիկ ավելի չար են քան գերերը, տրիպտոֆանի պակասության պատճառով։




Դանիացի գիտնականները զգուշացնում են, որ կոպերի վրա խոլեստերինային գոյացություններով մարդիկ ավելի շատ են հակված սրտի կաթվածի և այլ լուրջ հիվանդությունների:
BMJ բժշկական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեղին գոյացություններով (քսանտելազմներով) հիվանդների մոտ 48 %-ով ավելի բարձր է ինֆարկտի հավանականությունը:
Քսանտելազմները հիմնականում կազմված են խոլեստերինից: Դրանց առկայությունը դեմքի վրա սովորաբար ցույց է տալիս, որ մարմնի մյուս մասերում էլ խոլեստերինի մեծ կուտակումներ կան:

Աթերոսկլերոզը կամ անոթների ներքին պատերին խոլեստերինի նստվածքը կարող է ինսուլտի և ինֆարկտի հանգեցնել:
Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ իրենց բացահայտումները կօգնեն լուրջ հիվանդություններն ախտորոշել առավել վաղ փուլերում:





Սև շոկոլադը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու սպորտային հաջողությունների համար՝ այնքան, որքան լիակատար կանոնավոր մարզումները, գրում է The Daily Mail–ը։
Անգամ երբ մարդ կանոնավոր պարապմունքների հետ մեկտեղ սննդի մեջ շոկոլադի փոքր չափաբաժին է օգտագործում, արդյունքները 50 տոկոսով ավելի բարձր են լինում։
Գաղտնիքը Էպիկատեխին կոչվող միացության մեջ է։ Այն նպաստում է մկանների աճին՝ այնպես, ինչպես վազքի պես ակտիվ ֆիզիկական գործունեությունը։
Ամերիկացի գիտնականները մկների վրա կատարված փորձի արդյունքում պարզել են, որ «միացությունը նաև միտոխոնդրիայի արտադրության է հանգեցնում, այն է՝ բջիջների «էներգետիկ կայանների» ու մազանոթների քանակի մեծացման, որոնց շնորհիվ մկանները սնուցվում են թթվածնով»։
Արդյունքում՝ դա էներգիայի մեծ լիցք է հաղորդում։



Հայտնաբերվել է քաղցկեղը բուժող վիրուս. այն, հայտնվելով մարդու արյան մեջ, կարող է ոչնչացնել ուռուցքային բջիջները: Բժիշկները կարծում են, որ այս նոր մեթոդը շեշտակի կմեծացնի ուռուցքի դեմ պայքարի արդյունավետությունը:
Քաղցկեղով հիվանդ 23 կամավորների մասնակցությամբ անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ վիրուսը ունակ է խոցել միայն ուռուցքը` չվնասելով առողջ հյուսվածքները:
Մասնագետ ուռուցքաբանները խոստումնալից են համարում այս փորձարկման արդյունքները, չնայած արդյունավետ վիրուսային թերապիայի ստեղծման աշխատանքները դեռ սաղմնային վիճակում են:
Վիրուսներով ուռուցքը վերացնելը նոր գաղափար չէ, սակայն նախկինում փորձում էին վիրուսը անմիջապես ներարկել ուռուցքի մեջ, որպեսզի իմունային համակարգը նախնական փուլում չկլանի այն:
Ինչպես ներկայացնում է Nature ամսագիրը, փորձարկման ընթացքում գիտնականներն օգտագործել են նախկինում կիրառվող կարմրուկի պատվաստանյութի մուտացիայի ենթարկված վիրուսը: Այն ստացել է JX-594 անվանումը և ներարկվել տարբեր օրգանների ախտահարմամբ կամավորների ներերակման տարբերակով:
8 անձանցից, որոնց ներարկվել է վիրուսը, 7-ի մոտ վիրուսն արագ տարածվելով ախտահարված հյուսվածքներում, չի խոցել առողջ հյուսվածքները:
6 հիվանդի մոտ ինֆեկցիան կասեցրել է ուռուցքի հետագա ընթացքը:
Նախնական փորձարկման նպատակն է պարզել վիրուսի՝ առողջության համար անվտանգ լինելը։ Այն ներարկվել է միան մեկ չափաբաժին, այ պատճառով էլ հիվանդները չեն ապաքինվել:
Լոնդոնյան «Բարտս» բժշկական համալսարանի ուռուցքաբանության ինսիտուտի ղեկավար պրոֆեսոր Նիկ Լեյմոյնը «Բի-Բի-Սի»–ին ասել է, որ «առավել հուսադրող է այն փաստը, որ վիրուսը զարգանում է միմիայն ախտահարված օրգաններում, և հատկապես լիահույս ենք, քանի որ արդյունք կա նույնիսկ քաղցկեղի մեզոտելիոմայի հարցում, որն առավել դժվարությամբ է բուժվում»:
 




Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վարսավիրները, ագարակատարերը, հանքափորները, հրշեջներն ու անտառային արդյունաբերության աշխատակցիները արյան քաղցկեղով հիվանդանալու ամենամեծ հնարավորությունն ունեն, հայտնում է Комсомольская правда–ն։
Վնասակար նյութերի՝ բենզոլի, ներկանյութերի, պեստիցիդների հետ անընդհատ շփում ունեցող մարդկանց մոտ կարող են հայտնվել միելոմային հիվանդության՝ արյան քաղցկեղի ախտանիշեր՝ ոսկորների պարբերաբար կոտրվածքներ, երիկամային անբավարարություն, անեմիա։ Օրինակ վարսավիրների մոտ հիվանդացությունների դեպքերի քանակը 4 անգամ ավելի շատ է քան սովորական մարդկանց մոտ։
Գիտնականները նաև պարզել են, որ այս նույն դիագնոզը հաճախ է հանդիպում նաև սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունների հետեվանքների վերացմանը ներգրավված ծառայությունների աշխատակիցների մոտ։





«Սիրելիս, մենք պետք է խոսենք». այս արտահայտությունը տղամարդկանց վրա լուրջ ազդեցություն ունի։ Հարաբերությունների պարզաբանումը տղամարդուն հեռացնում է կողակցից։ Նման արտահայտություն լսելիս տղամարդիկ խուճապի են մատնվում, քանի որ կարծում են, որ «ինչ որ բան է եղել», գրում է The Daily Mail-ը:
Միսսուրիի համալսարանի գիտնականների հետազոտությունը պարզել է, որ տղամարդիկ խնդիրների մասին խոսակցությունները տղամարդիկ համարում են տարօրինակ, անհրապույր և ուղղակի անիմաստ։
Զգացմունքների մասին խոսելը հանգստացնում է կնոջը, իսկ տղամարդն այդ դեպքում ֆիզիկապես անհարմար է զգում։ Նման դեպքում տղամարդկանց մոտ կորտիզոլ սթրեսային հորմոնի արտանետում է տեղի ունենում, մկաններում ակտիվանում է արյան հոսքը։ Այդ պահին կանայք նույնիսկ չեն գիտակցում, որ իրենց չեն լսում։
Գիտնականների կարծիքով, տվյալ դեպքում անհրաժեշտ է կոնտակտի գնալ. շատ օգտակար է դիպչել տղամարդուն։ Հոգեբան Պատրիսիա Լավը խորհուրդ է տալիս օրական նվազագույնը 6 անգամ գրկախառնվել սիրելի տղամարդու հետ, ինչն ուղղակի հանգստացնում է նրան։



Վերջերս գիտնականները որոշել են անկողնում քնելու համար լավագույն դիրքը: Իդեալական տարբերակը մեջքի վրա պառկած քնելն է: Այդ դիրքը կանխում է պարանոցի ու մեջքի հատվածում ցավերի առաջացումը, նվազեցնում է թթվածնային ռեֆլյուքսն ու կնճիռների քանակը:
Գիտնականները նշում են, սակայն, որ շնչառության խնդիրներ ունեցող մարդկանց համար այդ դիրքը լավագույնը չէ, հաղորդում է Meddaily-ն:
Իսկ այն մարդկանց, ովքեր տառապում են պարանոցի շրջանի ցավերից, մեջքի վրա պառկած քնելուց առաջ խորհուրդ է տրվում գլխի տակ փափուկ բարձ դնել:
Իսկ քնելու համար ամենաանհաջող դիրքը փորի վրա պառկած վիճակում է: Բացի կնճիռների քանակի ավելացումից, այդ դիրքի պարագայում ողնաշարը գտնվում է լարված վիճակում, մեջքն ու հոդերը չեն հանգստանում, ինչի հետևանքով հոգնածության զգացողությունը կարող է չլքել մարդուն անգամ երկարատև քնից հետո:




Կենսաբանները ներկայացրել են բնության մեջ ապրող կենդանի օրգանիզմների տեսակների կոնկրետ քանակը։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է PLoS One ամսագրում, որի կրճատ տարբերակը բերում է Nature News-ը։
Գիտնականների տվյալներով՝ մոլորակի վրա գոյություն ունի 8,7 մլն տեսակի օրգանիզմ, որից 7,7 մլն-ը կենդանիներ են։ Աշխատանքի շրջանակներում գիտնականները հաշվել են միայն էուկարիոտները՝ այն օրգանիզմները, որոնց բջիջները միջուկ ունեն։ Այդ պատճառով, օրինակ բակտերիաները և արխեյները դուրս են մնացել հաշվարկից։
Նոր հետազոտության արդյունքն ավելի կոնկրետ է, քան մինչ այդ բերված թվերը, որոնք տատանվում են 3մլն-ից մինչև 100 մլն-ի սահմաններում։ Բացի այդ, պարզվել է, որ ցամաքային օրգանիզմների 86%-ը և ծովային օրգանզիմների 91%-ը մինչ այժմ բացահայտված չեն։ Գիտնականների կարծիքով՝ անհայտ տեսակները կատալոգացնելու համար կպպահանջվի առնվազն 400 տարի։




Գիտնականները հաստատում են, որ գինու չափավոր օգտագործումը կարող է նպաստել ավելորդ քաշի անկմանը: Դրա համար անհրաժեշտ է խմել օրական մեկ բաժակ գինի, հաղորդում է Meddaily-ն:
Մասնագետները նշում են, որ նախկինում գոյություն ունեցող մոտեցումը ավելորդ քաշի ու ալկոհոլի փոխկապակցվածության վերաբերյալ սխալ էր: Մինչև վերջերս համարվում էր, որ անգամ չափավոր քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է նպաստել գիրանալուն, սակայն վերջին հետազոտություններով ապացուցվել է, որ խմիչքի չափավոր օգտագործումը ունի հակառակ ազդեցությունը: Ավելին, օրվա ընթացքում մեկ բաժակ գինու օգտագործումը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունն, ինչպիսին են դիաբետը, սիրտ-անոթային համակարգի մի շարք հիվանդություններ և այլն:
Գիտնականները նշում են, սակայն, որ խոսքը միայն գինու մասին է: Գարեջրի մեծ քանակությամբ օգտագործումը, որի կալորիականությունը անհամեմատ ավելի բարձր է, կարող է քաշի ավելացման պատճառ դառնալ: 



Հեռուստացույցի առաջ անցկացրած ամեն ժամ կրճատում է մարդու կյանքը 20 րոպեով։ Այս մասին հաղորդում է Укринформ գործակալությունը՝ վկայակոչելով British Journal վեբ-ռեսուրսում հրապարակված ավստրալացի բժիշկների հետազոտության արդյունքները։ Ըստ այդ հետազոտության՝ դա համարժեք է ծխելուց ստացված վնասին։
Եթե մարդը հեռուստացուցույց է դիտում օրական ավելի քան 6 ժամ, ապա նա կմահանա 5 տարի ավելի շուտ, քան այն մարդը, ով ընդհանրապես հեռուստացույց չի դիտում։ Գիտնականները նշում են, որ, որպես կանոն, այդպիսի մարդիկ տառապում են սիրտանոթային հիվանդություններով։




Կախվածության հաղթահարման ամերիկյան հասարակության նոր հետազոտության համաձայն՝ կախվածությունը ուղեղի խրոնիկ հիվանդություն է։ Ինչպես գրում է USA Today-ը, դա վերաբերում է ոչ միայն ալկոհոլին և թմրանյութերին, այլև խաղերին կամ սննդի անվերահսկելի օգտագործմանը, հետևաբար, բժիշկների կարծիքով, կախվածության, ինչպես ցանկացած խրոնիկական հիվանդության բուժման համար երկար ժամանակ է պահանջում։
«Վարքի հետ կապված խնդիրները ուղեղի խանգարման հետևանք են»,- մեջբերում է պարբերականը բժիշկ Նորա Վոլկոուի խոսքերը,- «և ուղեղային պաթոլոգիան դեռ երկար տարիներ պահպանվում է այն բանից հետո, երբ մարդը դադարում է թմրանյութեր օգտագործել»։
Ուղեղում զգացմունքային, կոգնիտիվ և վարքագծային սխեմաների բարդ փոխազդեցություն է տեղի ունենում։ Այդ գործընթացի վրա ազդեցություն են ունենում գենետիկան, տարիքը, ինչպես նաև ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործումը՝ որպես սթրեսից դուրս գալու միջոց։ Դոպամինի և հիպոտալամուսի փոխազդեցության արդյունքում կապ է ստեղծվում ինչ-որ բան ընդունելու և հաճույք ստանալու միջև, որը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց օգտագործումն այլևս հաճույք չի պատճառում։
Կախվածության դեմ պայքարի մասնագետների կարծիքով՝ այն միտքը, որ կախվածության խնդրի հիմքում ընկած են որոշակի ուղեղային ռեակցիաներ, պետք է նպաստի սոցիալական նախապաշարմունքների հաղթահարմանը։



Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտոտի գիտնականներին (Massachusetts Institute of Technology, MIT) հաջողվել է դեղամիջոց հայտնաբերել, որը հնարավորություն է տալիս հաջողությամբ պայքարել ամենատարածված վիրուսների (գրիպ, պոլիոմելիթ, աղիքային բակտերիաներ եւ այլն) դեմ:

Դեղորայքը փորձարկում է անցել կենդանիների 11 տեսակների վրա. բոլոր փորձարկվողները կենդանի են, ավելին` ապաքինվել են: Դեղորայքը փորձարկել են նաեւ մարդկային բջիջների վրա եւ կրկին հաջողություն են ունեցել:

Նոր դեղամիջոցը կենտրոնանում է ինֆեկցիոն բջիջների վրա եւ նրանց ինքնաոչնչացման հասցնում, գրում է The Daily Mail-ը:

Փորձագետները գտնում են, որ դեղորայքը (DRACO) կարող է բուժել կարմրուկը, հերպեսը, պայքարել կատաղության եւ նույնիսկ ՄԻԱՎ ինֆեկցիաների դեմ: Նրանց կանխատեսումներով, այն կհայտնվի դեղատներում մոտակա 10 տարիների ընթացքում:

DRACO դեղամիջոցին արդեն հաջողվել է փրկել մկնիկների կյանքը, ովքեր H1N1 գրիպի դեմ չափաբաժին են ստացել: Կենդանիները ամբողջությամբ ազատվել են ինֆեկցիայից, հաղորդում է RBC-ն:  News.am




Գեղեցիկ, համաչափ դեմքով մարդիկ իրենց էությամբ ավելի եսասեր են: Նման եզրահանգման են եկել Բարսելոնայի համալսարանի գիտնականները, հաղորդում է Meddaily-ն:
Պատճառն այն է, որ հրապուրիչ արտաքինով մարդիկ ավելի ինքնուրույն ու ինքնավստահ են: Դրան զուգահեռ՝ նրանք ավելի քիչ են տրամադրված համագործակցել այլ անձանց հետ:
Մասնագետներն իրենց հետազոտության ընթացքում հենվել են վարքի որոշակի մոդելի վրա, որը կոչվում է «կալանավորի դիլեմա»: Սա խաղերի թեորիայում խնդիր է, ըստ որի խաղացողները ոչ միշտ են համագործակցում միմյանց հետ, եթե անգամ նրանց շահերից բխում է անել դա: Ընդ որում, խաղացողը («կալանավորը») ձգտում է մեծացնել իր շահույթը՝ չհետաքրքրվելով խաղի մյուս մասնակիցների շահով:
Հետազոտության ընթացքում խաղացողներին հնարավորություն է տրվել համագործակցել միմյանց հետ՝ ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով: Խաղի ավարտին գիտնականներն ուսումնասիրել են խաղացողների դեմքերը:
Պարզվել է, որ համաչափ ու հրապուրիչ դեմք ունեցող անձինք ավելի հազվադեպ էին գնում համագործակցության՝ հույս ունենալով, որ մյուսներն էլ չեն համագործակցի:
Գիտնականները կարծում են, որ նման երևույթի պատճառը էվոլյուցիան է. մարդիկ ենթագիտակցորեն դեմքի համաչափությունն ընկալում են որպես առողջության և գեղեցկության նշան, ինչն էլ նման դեմք ունեցողներին ավելի գրավիչ է դարձնում սեռական ակտի համար: Այստեղից էլ ի հայտ է գալիս այդ մարդկանց ինքնավստահությունն ու այլոց օգնության կարիքի բացակայությունը:   Թերթ.am



Գերմանացի մասնագետները պարզել են, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմում նյութափոխանակությունը տարբեր կերպ է տեղի ունենում: Հաշվի առնելով այդ՝ նրանք համարում են, որ տարբեր սեռի հիվանդների բուժման մոտեցումը պետք է տարբեր լինի, հաղորդում է Meddaily-ն:
Գիտնականներն ուսումնասիրել են արյան ավելի քան 3000 նմուշ և պարզել, որ տղամարդկանց և կանանց մոտ նյութափոխանակության 131 միջանկյալ արգասիքներից 101-ը տարբերվում են:
Բժիշկներն իրենց գործընկերներին առաջարկում են բուժման ընթացքում ցուցաբերել անհատական մոտեցում՝ այլ գործոններից բացի հաշվի առնելով նաև հիվանդի սեռը: Դա առավել կարևոր է այնպիսի հիվանդությունների բուժման գործում, ինչպիսին են քաղցկեղը, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը և այլն:   Թերթ.am



Հարավային Կարոլինայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտո Ռեֆինետտին պնդում է, որ մարդու մարմնի ջերմաստիճանի և քաշի մեջ կապ կա։
Մեսսինայի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության ժամանակ համեմատվել են 285 շների մարմինների ջերմաստիճանները։
Համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ գեր շների մոտ մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան փոքրերի մոտ։ Բացի այդ, մարմինների հավասար չափերի դեպքում ճարպակալած շները ավելի ցածր ջերմաստճան ունեն, քան նիհարները։
Մարդկանց և կենդանիների մեծ մասը ավելորդ քաշ են հավաքում ճարպակալման հետևանքով։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ կալորիաները ավելի շատ են օգտագործվում են, քան ծախսվում։ Չօգտագործված էներգիան օրգանիզմում պահպանվում է ճարպի տեսքով ։
Գոյություն ունի տեսություն այն մասին, որ ճարպակալումը կարող է առաջանալ հենց մարմնի ջերմաստիճանի իջեցման պատճառով։ Տաքարյուն կենդանիներն իրենց էներգիայի մեծ մասն օգտագործում են մարմնի ջերմությունը պահպանելու վրա։
Սակայն որոշ կենդանիների մոտ մարմնի ջերմաստիճանը ավելի ցածր է, քան մնացածների մոտ, ուստի ջերմությունը պահելու համար ավելի քիչ էներգիա է պահանջվում։ Պրոֆեսորը կարծում է, որ ջերմաստիճանի անկումը կարող է բավարար բացատրություն լինել մի քանի ամսում քաշ հավաքելու համար։           Թերթ.am



Օրվա ընթացքում ընդամենը երկու կտոր ապխտած մսի օգտագործումը սննդում կարող է 50%-ով բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Այդպիսի եզրահանգման են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները, հաղորդում է Daily Mail-ը:
Այդ հիվանդության ի հայտ գալուն կարող են նպաստել նաև օրական 1 նրբերշիկ, փոքր բուրգեր կամ մի քանկ կտոր սալյամի տեսակի երշիկի օգտագործումը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեկ օրվա ընթացքում 100 գրամ կարմիր միս ուտելը դիաբետի առաջացման հավանականությունը մեծացնում է 19 տոկոսով, իսկ ապխտած միսը՝ 51%-ով:
Մասնագետներն այդ եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով ավելի քան 440 հազար հիվանդի բժշկական գրքույկները: Նրանք նաև պարզել են, որ սննդակարգում ընկույզի, պանրի և մուգ բրնձի ավելացումը կարող է կանխել հիվանդության զարգացումը:    Թերթ.am



Արեւի վրա տեղի է ունեցել վերջին 5 տարիների ամենահզոր բռնկումը: Այս մասին «ՌԻԱ նովոստիի» հետ զրույցում հայտարարել  Երկրային մագնետիզմի, իոնոսֆերայի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը, հավելելով, որ վերջին անգամ նման հզոր բռնկում տեղի է ունեցել 2006 թվականին:

Գիտնականը նշում է, որ նոր բռնկումը X6.9 կարգի է: «Վերջին անգամ X6 կարգի բռնկում տեղի է ունեցել 2006-ի դեկտեմբերի 6-ին: Այդ օրվանից նման հզորության բռնկում չի եղել: Վերջին 37 տարում տեղի է ունեցել X7 եւ բարձր կարգի 35 բռնկում»,- հայտարարել է նա, ընդգծելով, որ նման արտանետումը կարող է վտանգավոր լինել տիեզերական տեխնիկայի համար:

Նշենք, որ Արեւի վրայի բռնկումները բաժանվում են 5 խմբի. A,B, C, M եւ X, գրում է «Ռոսիյսկայա» գազետան»:
                                                                                                                                                                      News.am



Ամերիկյան գիտնականները, հետազոտելով 7610 ծխող մարդու առողջական վիճակը, հայտարարել են, որ եթե մարդը օրվա ընթացքում առաջին գլանակը ծխում է արթնանալուց 30 րոպեի ընթացքում, չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը մեծանում է 2 անգամ, հաղորդում է Meddaily-ն:
Հետազոտության ենթարկված ծխողներից 4776-ի մոտ հայտնաբերվել է թոքերի չարորակ ուռուցք, իսկ 2835-ն առողջ են եղել:
Արթնանալուց մեկ ժամ անց առաջին գլանակը ծխողների մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունն էապես ցածր է: Ուստի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը, գիտնականներն առաջարկում են առաջին գլանակը ծխել արթնանալուց մեկ-երկու ժամ անց:
                                                                                         Tert.am




Ավստրալացի ու գերմանացի գիտնականների խումբը հայտնագործություն է կատարել, որը կարող է էական առաջընթաց ապահովել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ չարորակ ուռուցքների որոշ տեսակների, բակտերիալ և վիրուսային վարակների ու նյարդային խանգարումների բուժման մեջ, հաղորդում է MedDaily-ն:
Գիտնականները ստեղծել են երկու փոքր մոլեկուլ, որն արգելափակում է օրգանիզմի բջիջներում առկա կլատրին սպիտակուցի աշխատանքը: Այդ սպիտակուցը պատասխանատու է բջջից դուրս ազդակների ճանաչման համար: Օրինակ, երբ հորմոնները, աճի գործոնները կամ սննդարար նյութերը «ցանկանում են» թափանցել բջջի մեջ, այդ սպիտակուցն ակտիվանում է՝ բջջաթաղանթին օգնելով կլանել նյութը: Երբեմն վիրուսներն ու բակտերիաները ևս օգտվում են բջջի մեջ ներթափանցելու այս մեխանիզմից՝ տարածվելով ողջ օրգանիզմում և վնասելով բջիջները:
Մասնագետները հետազոտել են 17 հազար միացություն՝ պարզելու համար, թե դրանցից որոնք են կարող արգելափակել կլատրինի ֆունկցիան: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված միացությունը ապակտիվացնում է այդ սպիտակուցը: Այդ իսկ պատճառով գիտնականները կարծում են, որ դրա միջոցով հնարավոր է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են ՁԻԱՀ-ը, հեպատիտ С-ն և այլն:
Ինչ վերաբերում է չարորակ նորագոյացություններին, ապա մասնավորապես ուղեղի չարորակ ուռուցքի դեպքում դեպի բջիջ ներթափանցման գործընթացը դառնում է անկառավարելի և գործընթացին միանում են նաև աճի գործոնները՝ չարորակ բջիջներին տարածվելու հնարավորություն ընձեռելով: Այս դեպքում կլատրինի ֆունկցիայի արգելափակումը, հավանաբար, կդանդաղեցնի չարորակ բջիջների բազմացման գործընթացը:
Գիտնականներն այժմ պատրաստվում են կլատրինն արգելափակող միացությունը փորձարկել լաբորատոր կենդանիների վրա:           Թերթ.am



Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը:
Մատնահետքերը ձևավորվում են էմբրիոնալ զարգացման 24-րդ շաբաթվա ընթացքում, սակայն Երկրի վրա ապրում է առնվազն 4 ընտանիք, որոնց անդամների մատները զուրկ են մատնահետքերից: Նմանատիպ երևույթն անվանվում է ադերմատոգլիֆիա:
Գիտնականները հետազոտել են մի ընտանիք, որի անդամների մի մասի մոտ մատնահետքեր չեն նկատվում, իսկ մյուս մասի մոտ դրանք առկա են: Համեմատելով մատնահետքերով և առանց դրանց մարդկանց գենոմները՝ մասնագետները պարզել են, որ մուտացիան առաջացել է 4-րդ քրոմոսոմում:
Մինչ օրս գիտնականները չեն կարողանում պարզել մատնահետքերի կենսաբանական ֆունկցիան: Երկար ժամանակ համարվում էր, որ դրանք օգնում են մարդուն ավելի հեշտ աշխատել տարբեր առարկաների հետ, սակայն այժմ մասնագետները կարծում են, որ մատնահետքերը մաշկի ու առարկաների շփումը նվազեցնելու, ինչպես նաև մատների զգայունությունը բարձրացնելու ֆունկցիա են իրականացնում:                 Թերթ.am




Ամերիկյան Environmental working group ընկերությունը մշակել է դիետիկ առաջարկներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և կրճատել մթնոլորտում վնասակար գազերի ծավալը:
Այդ նպատակով կազմվել է  բնության վրա տարբեր մթերքների ազդեցությունը բնութագրող աղյուսակ, հաղորդում է Росбалт-ը: 
Ըստ մասնագետների՝ բնության համար ամենավտանգավորը գառան միսն է: 100 գրամ գառան մսի արտադրության ու պատրաստման ընթացքում արտանետվող գազերի քանակը համարժեք է ավտոմեքենայով 7 մղոն հեռավորություն անցնելու ընթացքում մթնոլորտ դուրս բերվող գազերի ծավալին:
Բնության համար ավելի քիչ վտանգավոր են տավարի, խոզի միսն ու պանիրը: Էլ ավելի քիչ վնասակար գազեր են արտանետվում ձկնեղենի, թռչունների ու ձվերի արտադրության և պատրաստման ընթացքում:                                 
Էկոլոգիայի տեսանկյունից ամենաանվտանգը ոսպն է: 100 գրամ ոսպի աճեցումն ու պատրաստումը համարժեք է ավտոմեքենայով 100 մ հեռավորություն անցնելուն:
Հատկանշական է, որ էկոլոգների խորհուրդները համընկնում են դիետոլոգների մոտեցումներին: 
                                                                                         Թերթ.am






Նյու Յորքի Իեշիվա համալսարանի՝ Ալբերտ Էնշթեյնի բժշկական քոլեջի գիտնականները եզրակացրել են, որ ավելորդ քաշից ազատվելու նպատակով սննդակարգ պահպանող մարդկանց ուղեղը «ուտում է սեփական բջիջները»։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ուղեղի բջիջները, ինչպես և մարդու օրգանիզմի այլ հատվածներ, սկսում են «իրենք իրենց ուտել», որպեսզի սովը հաղթահարելու համար օգտագործեն էներգիայի վերջին աղբյուրը։ Այս գործընթացը կոչվում է աուտոֆագիա, ընդ որում՝ բջջի ներքին բաղադրիչները ենթարկվում են դեգրադացիայի, իսկ սովածության զգացումն ավելի է ուժեղանում։
Գիտնականների պնդմամբ՝ սովածության մասին վկայող ազդակն ուղեղին փոխանցելուց առաջ օրգանիզմը հետևում է արյան բաղադրության փոփոխություններին և միայն գլյուկոզայի, ամինաթթուների և ճարպաթթուների քանակին արձագանքելուց հետո է ուտելու անհրաժեշտության ազդակ ուղարկում։
Ինչպես հայտնում է The Telegraph–ը, սոված մկների մասնակցությամբ անցկացվող փորձերը ցույց են տվել, որ աուտոգրաֆիայի գործընթացին միջամտելու դեպքում սովի զգացումը չի ուժեղանա. կրծողների ուղեղի քիմիական փոփոխությունների արդյունքում կենդանիներն ավելի թեթև ու նիհար են դառնում։
Պրոֆեսոր Ռաջատ Սինգհի կարծիքով՝ այս հայտնագործությունը կնպաստի ավելորդ քաշից ազատվելու առավել արդյունավետ միջոց ստեղծել։ Գիտնականի խոսքերով՝ քիմիական նյութերի միջոցով բջջի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանբ հնարավոր կլինի կարգավորել ախորժակը, ինչը մարդուն կօգնի պակաս սովի զգացում ունենալ՝ միևնույն ժամանակ պահպանելով օրգանիզմի էներգետիկ հավասարակշռությունը։            Թերթ.am



Արեւի վրա օգոստոսի 2-ին տեղի ունեցած բռնկումը մագնիսական փոթորիկ առաջ կբերի երկրի վրա օգոստոսի 4-ին եւ 5-ին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Երկրային մագնետիզմի, իոնոսֆերայի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի տիեզերական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը:

Փորձագետը նշել է, որ այժմ գիտնականները փոքր մագիսական փոթորիկի են սպասում: Գայդաշը նախազգուշացրել է, որ այն կարող է նաեւ մեծ լինել: Նա բացատրել է, որ ակտիվության նման բարձրացումը, որն սկսվել է հուլիսի 26-ից, նորմալ է Արեւի «կյանքի» ներկա շրջանի համար: Նրա խոսքով, արեւից կորոնալ արտանետումները, որոնք ուղեկցվում են բռնկումներով, հասել են 1,1 հազար կմ/վայրկյանի:    News.am



Ամերիկացի հետազոտողները մշակել են տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների արագ ախտորոշման համար մատչելի մեթոդ արյան հանձնման դյուրակիր սարքի միջոցով։

Այն կոչվում է mChip և կրեդիտային քարտի չափ է։ Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, Ռուանդայում սիֆիլիսով և ՄԻԱՎ-ով հիվանդների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ սարքը հաշված րոպեների ընթացքում գրեթե 100% ճշգրտությամբ ախտորոշում է այդ վարակները։ Մասնավորապես, ՄԻԱՎ-ի դեպքում ճշգրտությունը կազմել է 95%, սիֆիլիսի դեպքում՝ 76%:

Թեստի արդյունքները երևում են անզեն աչքով կամ ոչ բարդ հաշվող սարքի օգնությամբ։ 
Սարքի ինքնարժեքը 1 դոլար է։ Դա շատ ավելի էժան է, քան այժմ կիրառվող լաբորատոր մեթոդները։

Հետազոտողները հույս ունեն օգտագործել mChip-ը հղի կանանց մոտ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտորոշման համար հատկապես Աֆրիկայի երկրներում։

Հնարավոր է նաև պատրաստել այնպիսի սարքեր, որոնք հնարավորություն կտան ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը։                                                     




Մասնագետները պարզել են, որ սիրահար զույգերի թիվ մեկ թշնամին հեռուստացույցն է, հաղորդում է MIGnews-ը: 

Հոգեբանները համոզմունք են հայտնել, որ ամուսինները պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն միմյանց հետ, այլ ոչ թե՝ մեկուսանան:

Նրանք նաև նշում են, որ ամուսինների միջև վեճերը միջանձնային հարաբերություններին օգտակար են, սակայն եթե զույգերից մեկը վիճելու փոխարեն նախընտրում են լռել կամ կարճ պատասխանել, նշանակում է, որ նա վերջնականապես անտարբեր է դարձել իր զուգընկերոջ հանդեպ:                                                            Թերթ.am




Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ժողովրդագրության գծով մասնագետ Դեվիդ Բլումը հայտնել է, որ 2011-ի վերջին Երկրի բնակչությունը կգերազանցի 7 միլիարդը:

Գիտնականի կանխատեսման համաձայն՝ 2011-ին մեր մոլորակի վրա լույս աշխարհ կգա 135 մլն մարդ, իսկ մահացածների թիվը կկազմի 57 մլն: Այդպիսով, մոլորակի բնակչությունը կաճի 78 միլիոնով: Համաձայն ամերիկյան մարդահամարի բյուրոյի տվյալների՝ այս պահին Երկրի բնակչության թիվը կազմում է 6,930 միլիոն մարդ, հաղորդում է Korrespondent-ը: 

Բլումն իր հետազոտությունում համոզմունք է հայտնել, որ արդեն 2050-ին մոլորակի բնակչությունը կաճի 2,3 մլրդ-ով: Աճի 97 տոկոսը կապահովեն զարգացող երկրները, ընդ որում Երկրի նոր բնակիչների 49 տոկոսը կծնվեն Աֆրիկայում:
                                                                                                                       Թերթ.am

 


Եվրոպացի բժիշկները պատրաստվում են իրականացնել ցրված սկլերոզի բուժման մեթոդի կլինիկական հետազոտությունների փորձարկումը ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով:

Փորձարկման նպատակն է ստուգել՝ կարո՞ղ են արդյոք հիվանդի ոսկրածուծից վերցված ցողունային բջիջները դանդաղեցնել կամ չեզոքացնել գլխուղեղի և ողնուղեղի նյարդային վերջույթներին իմուն համակարգի պատճառած վնասները:

Կենդանիների վրա լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկրածուծից վերցված ցողունային բջիջները կարող են պաշտպանել միելինը, որով պատված են նյարդաթելերը:

Պրոգրեսիվող պարալիչի հանգեցնող ցրված սկլերոզը վերջին տարիներին դարձել է ամենատարածված աուտոիմուն հիվանդություններից մեկը, հաղորդում է BBC Russian-ը:
                                                                                                                       Թերթ.am



Բրիտանացի մասնագետներն եկել են այն եզրահանգման, որ կանանց 76 տոկոսը հանուն նիհարելու պատրաստ է սեռական հարաբերություններ ունենալ անգամ ծանր աշխատանքային օրվանից հետո, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականի լրագրողները եզրակացրել են, որ կանայք սեքսը դիտարկում են որպես ֆիտնես մեթոդիկա այն պարզ պատճառով, որ ավանդական ֆիտնես կենտրոնների բաժանորդավճարը կտրուկ աճել է:

Անգամ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը խորհուրդ է տալիս գեր կանանց ավելի հաճախ զբաղվել սեքսով: Բժիշկները պնդում են, որ սեռական ակտի ընթացքում օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ, որոնք նպաստում են իմուն համակարգի բարելավմանը, չարորակ ուռուցքի բուժմանն ու կնճիռների վերացմանը:
                                                                   Թերթ.am
 


Գոյություն ունեն տարատեսակ մեթոդներ, որոնց օգնությամբ երեխա ունենալ պատրաստվող  ծնողները պլանավորում են իրենց ապագա երեխայի սեռը:

Ամենատարածված մեթոդը, որի կիրառմանն ամենաշատն են դիմում, արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի:

Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի:  Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի «թարմ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Տարածված է նաեւ այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերի: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ, կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:

Այս տեսության հիմքն այն է, որ Y քրոմոսոմները ձվազատման ժամանակ ձվաբջջին հասնելու ավելի մեծ հավանականություն են ստանում: Իսկ եթե սեռական ակտը կատարվում է ձվազատումից մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո, ապա X քրոմոսոմն ավելի մեծ շանսեր ունի հասնելու ձվաբջջին, բեղմնավորելով աղջիկ երեխա:

Գոյություն ունեն նաեւ հատուկ դիետաներ, որոնց հետեւելով՝ զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ: Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում՝ շաքար, մեղր, հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի: 

Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետեւել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա:

Նշված մեթոդներից բացի կան նաեւ չինական եւ ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է եւ ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը:  Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն  է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:

Երեխայի սեռը պարզելու առումով կան նաեւ մի շարք տարօրինակ  մեթոդներ, որոնցից մեկն էլ կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութն է՝  Drano Crystals-ը: 16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել այդ նյութի օգնությամբ: Ըստ այդմ՝ նշված նյութը հավասար չափաբաժնով պետք է խառնել կնոջ առավոտյան մեզի հետ:  Եթե հեղուկը ռեակցիայից հետո ստանա թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգ, նշանակում է՝ աղջիկ է ծնվելու: Եթե հեղուկը սեւ, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն տղա է ծնվելու: 

Սակայն պետք է նշել ,որ ոչ մի հաշվարկ չի կարող 100 տոկոսանոց հուսալիություն երաշխավորել:          News.am




Երկրագնդի հյուսիսային շրջանների բնակիչների ուղեղներն ու աչքերը այլ տարածքների բնակիչների համեմատ ավելի մեծ են, քանի որ մեծ ուղեղով ու աչքերով ավելի հեշտ է դիմակայել ցրտաշունչ ձմեռներին: Այդպիսի եզրահանգման են եկել ՕքսՖորդի համալսարանի մասնագետները, հաղորդում է Reuters-ը:

Գիտնականներն ուսումնասիրել են 12 տարբեր ժողովուրդների 55 ներկայացուցչի աչքերի ու գլխուղեղի ծավալները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որքան հեռու են մարդիկ բնակվում էկվատորից, այնքան նրանց ուղեղի ծավալը մեծ է: Բայց ոչ այն պատճառով, որ նրանք ավելի խելացի են, այլ քանի որ նրանց ուղեղին անհրաժեշտ է ավելի շատ վիզուալ տեղեկատվություն ստանալ՝ հյուսիսային շրջաններում լույսի ցածր ինտենսիվության պատճառով:

Հետազուտության ընթացքում ուսումնասիրվել են Անգլիայի, Ավստրալիայի, Կանարյան կղզիների, Չինաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Քենիայի, Միկրոնեզիայի, Սկանդինավյան երկրների, Սոմալիի, Ուգանդայի և ԱՄՆ-ի բնակիչների ուղեղի ծավալները: Գիտնականները նաև հայտնել են, որ ամենամեծ ծավալով ուղեղն ունեն Սկանդինավյան երկրներ, իսկ ամենափոքրը՝ Միկրոնեզիայի բնակիչները:                                                 Թերթ.am



Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կանանց մոտ այս


կամ այն օրգանի չարորակ նորագոյացության առաջացումը փոխկապակցված է նրանց հասակի հետ, հաղորդում է WebMD-ն:

 Օքսֆորդի համալսարանի մասնագետները հետազոտել են 1,3 մլն կանանց տվյալները, որոնք ուսումնասիրվել են 1996-ից 2001-ը ընկած ժամանակահատվածում: Կանանցից յուրաքանչյուրը մոնիտորինգի տակ է գտնվել առնվազն 5 տարի: Հետազոտության ընթացքում 97 376 կնոջ մոտ զարգացել է չարորակ ուռուցք:

Հայտնաբերվել են ինչպես կրծքի, այնպես էլ արգանդի վզիկի, ձվարանների, հաստ աղու չարորակ ուռուցքներ, ինչպես նաև մելանոմա և լեյկեմիա:

Հավաքված տվյալների ուսումնասիրության արդյունքում մասնագետները կանանց բաժանել են վեց խմբի՝ իրենց հասակին համապատասխան: Ամենաբարձրահասակների և ամենացածրահասակների միջև տարբերությունը եղել է 21 սմ:

Պարզվել է, որ որքան կինը բարձրահասակ է, այնքան մեծ է չարորակ ուռուցքով հիվանդանալու հավանականությունը: Ընդհանուր առմամբ, հասակի յուրաքանչյուր 10 սմ-ի հետ չարորակ ուռուցքի առաջացման ռիսկն ավելացել է 16 տոկոսով:

Հետաքրքիր է, որ այդ օրինաչափությունը կապված չէ այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են տարիքը, սոցիալ-տնտեսական վիճակը, քաշը, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունն ու չարորակ ուռուցքի զարգացման այլ ռիսկի գործոնները:

Մասնագետներն իրենց հետազոտության արդյունքները համադրել են նախկինում Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում ու Ասիայում արված նմանատիպ հետազոտությունների հետ և պարզել, որ դրանք համընկնում են:

Սակայն հասակի ու չարորակ ուռուցքների առաջացման միջև կապի բնույթը դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կարող է պայմանավորված լինել օրգանիզմի աճն ապահովող հորմոնի քանակի հետ: 


Blogroll