Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կանանց մոտ այս
կամ այն օրգանի չարորակ նորագոյացության առաջացումը փոխկապակցված է նրանց հասակի հետ, հաղորդում է WebMD-ն:
կամ այն օրգանի չարորակ նորագոյացության առաջացումը փոխկապակցված է նրանց հասակի հետ, հաղորդում է WebMD-ն:
Օքսֆորդի համալսարանի մասնագետները հետազոտել են 1,3 մլն կանանց տվյալները, որոնք ուսումնասիրվել են 1996-ից 2001-ը ընկած ժամանակահատվածում: Կանանցից յուրաքանչյուրը մոնիտորինգի տակ է գտնվել առնվազն 5 տարի: Հետազոտության ընթացքում 97 376 կնոջ մոտ զարգացել է չարորակ ուռուցք:
Հայտնաբերվել են ինչպես կրծքի, այնպես էլ արգանդի վզիկի, ձվարանների, հաստ աղու չարորակ ուռուցքներ, ինչպես նաև մելանոմա և լեյկեմիա:
Հավաքված տվյալների ուսումնասիրության արդյունքում մասնագետները կանանց բաժանել են վեց խմբի՝ իրենց հասակին համապատասխան: Ամենաբարձրահասակների և ամենացածրահասակների միջև տարբերությունը եղել է 21 սմ:
Պարզվել է, որ որքան կինը բարձրահասակ է, այնքան մեծ է չարորակ ուռուցքով հիվանդանալու հավանականությունը: Ընդհանուր առմամբ, հասակի յուրաքանչյուր 10 սմ-ի հետ չարորակ ուռուցքի առաջացման ռիսկն ավելացել է 16 տոկոսով:
Հետաքրքիր է, որ այդ օրինաչափությունը կապված չէ այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են տարիքը, սոցիալ-տնտեսական վիճակը, քաշը, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունն ու չարորակ ուռուցքի զարգացման այլ ռիսկի գործոնները:
Մասնագետներն իրենց հետազոտության արդյունքները համադրել են նախկինում Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում ու Ասիայում արված նմանատիպ հետազոտությունների հետ և պարզել, որ դրանք համընկնում են:
Սակայն հասակի ու չարորակ ուռուցքների առաջացման միջև կապի բնույթը դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կարող է պայմանավորված լինել օրգանիզմի աճն ապահովող հորմոնի քանակի հետ:
0 коммент.: