Booking.com





«Չեմ կարա թողնիմ աչքիս դեմը մարի…»






Գյումրիի փոքրիկ բնակիչ, 10-ամյա Լևոն Այվազյանը օգնության կարիք ունի: Արդեն մեկ շաբաթ է գյումրվա հեռուստաընկերությունների եթերով կարելի է տեսնել երեխային օգնելու հորդորով գովազդը, որով հաղորդվում է բանկային հաշվեհամարը, քանզի Հայաստանում փոքրիկին բժշկությունն օգնել անզոր է և միայն Մոսկվայի Բուրդենկոյի անվան կենտրոնում է, որ պատասխանատու մասնագետները վիրահատություն անցկացնելու հավանություն են տվել: Սակայն անսպասելի վրա հասած դժբախտությունը՝ գլխուղեղի աճող ուռուցքը միակը չէ՝ աղետալի երկրաշարժից փրկված ընտանիքը միջոցներ չունի, որպեսզի կարողանա փրկել երեխայի կյանքը առանց կողմնակի օգնության…

Panorama.am-ի հետ զրույցում հուսահատ հայրը, Ռուբեն Այվազյանը, ով մի կերպ է փրկվել երկրաշարժից, պատմեց՝ «հիվանդությունը ուղղակի փուլ եկավ մեր վրա, ոնց որ ժամանակին շենքը փուլ եկավ վրաս»: Շուրջ երկու շաբաթ առաջ դպրոցում, հենց դասի ժամանակ փոքրիկ Լևոնը ուշագնաց է լինում, և բժիշկներն անմիջապես խորհուրդ են տալիս երեխային հետազոտել Երևանում: Վերջինիս արդյունքները նույնքան զարհուրելի են դառնում հոր համար, որքան 1988-ի աղետը՝ փոքրիկի մոտ հայտնաբերվում է գլխուղեղի աճող ուռուցք, որի պարագայում կյանքի ամեն վայրկյանն ուղղակի պարգև է դիտարկվում:




Առաջին հարվածին հաջորդում է երկրորդը՝ Հայաստանի ոչ մի մասնագետ հանձն չի առնում նման վիրահատություն անել: Լսելով դաժան պատասխանը հայրը երեխայի հետազոտությունների բոլոր արդյունքները, ռենտգեն ժապավեններն ու մնացածն ուղարկում է Մոսկվա, Բուրդենկոյի անվան նեվրովիրաբուժության ինստիտուտ, որտեղից էլ գալիս է հուսադրող պատասխանը՝ հայազգի պրոֆեսոր Ստեփանյանը պատրաստ է վիրահատել երեխային: Թեև, շարունակեց նա, ելնելով բարդությունից լիարժեք երաշխիքներ անգամ Մոսկվայի բժիշկները չեն տալիս.


«Ճար չունիմ… աչքիս դեմը չեմ կարող թողնի մարի, դռնե դուռ էլ ընկնեմ պիտ հավաքեմ փողը տանեմ»,- արցունքն աչքերին նշեց մեր զրուցակիցը մինչ ուսումնասիրում էինք բժշկական փաստաթղթերը հետևյալ եզրակացությամբ.




«Գոյացությունը կրանիալ կերպով տարածվում է ենթակեղևային կառույցների վրա, ճնշում և տեղաշարժում է տեսողական թմբերը երկու կողմերից ավելի ձախից՝ պերիֆոկալ այտուցի տեղամասերի առկայությամբ…. Գոյացությունը կուդալ տարածվում է ուղեղի ոտիկների վրա, ճնշում է քառաթումբ թիթեղը այն դեպի հետ մղելով…»: Իհարկե, միայն մասնագետը կարող է հասկանալ բժշկական այս տերմինաբանության ողջ լրջությունը: Բառերի այս կույտը ծնողներին՝ 2-րդ խմբի հաշմանդամ հորը՝ Ռուբեն Այվազյանին և 3-րդ խմբի հաշմանդամ Կարինե Կարապետյանին ստիպում է զօրուգիշեր լացել, բայց այնպես, որ երեխան չհասկանա, որ իր հետ մի բան այն չէ.


«Լաց ըլնելով սաղ օրը կհելնինք -կուգանք էրեխի դեմը կասենք-կխոսանք, կապիկություն կընենք, որ բան չիմանա: Ինքն էլ կմնա-կմնա կասի՝ ի՞նչ եք սաղդ թթվել նստել…»:




Թեև Ռուբենը ոչ միայն փոքրիկին է խնայում, այլև կնոջն ու ավագ որդուն, ով ծառայում է Մատաղիսում: Ասում է՝ «ճիշտը չեմ ասել, խնայում եմ, գիտեն ջուր է գլխում.. դե բժիշկների մոտ հետս կնիկս չի մտել, թղթերից էլ բան չի հասկանում»:




Անցած օրերի ընթացքում, որոնք Այվազյանների ընտանիքի կյանքը բաժանել են երկու մասի՝ մինչ չարաբաստիկ արդյունքներն ու դրանից հետո, Ռ.Այվազյանը դիմել է հնարավոր բոլոր ատյաններին ու պաշտոնյաներին, սակայն դեռևս ոչ մի շոշափելի, առարկայական պատասխան և կամ աջակցություն չի ստացել.




«Բոլորն ասում են՝ էսօր-վաղը, բայց ես ժամանակ չունիմ, էրեխու վիճակին չես կրնա ասել էսօր-վաղը… նոյեմբերի 6-ին էլ նշանակել են օպերացիան, պիտի հասցնեմ Լևոնին Մոսկվա… չգիտեմ՝ ո՞նց»,- ասաց նա ու նշեց, որ մի շաբաթ է, ինչ հեռուստագովազդով հաշվեհամարն է օրը մի քանի անգամ հրապարակվում, բայց այս պահի դրությամբ միայն 30 հազար դրամ է փոխանցվել.


«Բարեկամներ, հարազատներ, մենք բոլորս՝ օսկի-մոսկի, ինչ ունեինք հավաքել ենք, որ մի ճար անինք»,- ասաց Ռուբենը, ով քաջ գիտակցում է, որ եթե մարդիկ չօգնեն երեխային կկորցնի.




«Սամվել Բալասանյանի մոտ ասին նոյեմբերի 15-ինա ընդունելությունը, Արման Սահակյանին ստադիոնի մոտ պիտ բռնեմ, որ պատմեմ, ուրիշ ճար չունիմ տեսնելու, Մարտուն Գրիգորյանին էլ եմ փորձում տեսնել՝ չի հաջողվում»,- սկսեց թվարկել նա գյումրեցի բոլոր պաշտոնյաներին, ում դիմել է և կամ ում պատրաստվում է դիմել հույս ունենալով, որ կօգնեն՝ օր չի մնացել:

Թվարկեց նաև կառույցները, ուր օգնության խնդրանքով նամակ է գրել, բայց դեռ լռում են.




«Որբը երբ ա՞ խնդացել… հիմա էլ երեխուս դեմն ա գալիս»,- հուսահատ հավելեց Ռուբեն Այվազյանը….




Միայն վիրահատությունն արժե 250 հազար ռուբլի կամ 8.500 ԱՄՆ դոլար, բացի այս անհրաժեշտ է գումար հետագա բուժումների համար, որոնց թվում է նաև լազերային միջամտություն. Ընդհանուր առմամբ երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է շուրջ 17 հազար ԱՄՆ դոլար:




Փոքրիկ Լևոնի փրկության համար բացված հաշվեհամարը «Անելիք բանկ»-ում է՝ Ռուբեն Այվազյանի անունով, 11802017354800:





Աղբյուր` Panorama.am


Հեղինակ` Լիա Խոջոյան


This entry was posted on 13:04 and is filed under , . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll