Booking.com


2007թ. ընթացքում բժշկության ոլորտի գիտնականներին հաջողվեց անչափ կարեւոր քայլ կատարել։ Մի շարք հիվանդություններ, որոնք դեռեւս այսօր անբուժելի են համարվում, շատ մոտ ապագայում կարող են այլեւս նման սարսափ չառաջացնել։ Պատճառը բնային բջիջներն են, որոնց հետ բժիշկները մեծ հույսեր են կապում` որպես անբուժելի հիվանդությունների դեմ պայքարի հիմնական միջոց։ 

Գիտնականներին հաջողվել է մաշկային բջիջները վերածել բնային բջիջների, որոնք մարդու օրգանների եւ հյուսվածքների հիմնական կառուցվածքային հատվածն են կազմում։ Այդ հայտնագործությունը մեծ իրարանցում է առաջացրել գիտական ասպարեզում։
Ամերիկացի գիտնական Ռոբերտ Լանզան` Advanced Cell Technology կազմակերպությունից, այդ հայտնագործությունը որակում է որպես Սուրբ Գրաալին համարժեք երեւույթ։
«Սա հսկայական գիտական նվաճում է, որը, գուցե, համեմատելի է Ռայթ եղբայրների` աերոպլանի հայտնագործման հետ։ Սա գրեթե նույնն է, ինչ կարողանալ կապարը վերածել ոսկու»,- ասել է նա։  

Այս ամենն իսկապես մեծ հեռանկարներ է խոստանում, քանի որ, ինչպես հայտնի է, բնային բջիջները կարող են փոխակերպվել յուրաքանչյուր այլ բջջի` փոխարինելով վնասված բջիջները, օրգաններն ու հյուսվածքները եւ այդպիսով բուժելով յուրաքանչյուր հիվանդություն։ Նշենք, որ նման մեթոդների մշակումը մինչ այդ անհնար էր բարոյական տեսանկյունից, քանի որ առկա էր մարդու էմբրիոնների օգտագործման խնդիրը։ Ինչպես հայտնի է, էմբրիոնի քայքայումը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում, արգելված է մի շարք երկրներում, մասնավորապես, ԱՄՆ-ում։ Ավելին` Էմբրիոնալ բնային բջիջները ծագումնաբանորեն անկայուն են եւ ենթակա են բազմաթիվ փոփոխությունների, ինչը թույլ չի տալիս դրանք դիտարկել որպես թերապեւտիկ միջոց։ Գիտնականների նոր հայտնագործությունը` բնայինբջիջների ստացումը մաշկային բջիջներից, այսօր կարող է հանդես գալ որպես այլընտրանք էմբրիոնների կլոնավորմանը եւ հնարավորություն տալ ստեղծել միջոցներ, որոնք համեմատելի են կլոնավորման արդյունքում ստացվող միջոցներին, սակայն, միեւնույն ժամանակ, թույլ են տալիս խուսափել կլոնավորման հետ կապված բարոյական խնդիրներից։
Բնային բջիջներ ստանալու նոր միջոցը, ինչպես նշեցինք, այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտնականների շրջանում, որ անգամ Դոլլի ոչխարի «հայրը»` Իան Ուիլմութը, մտադիր է վերջ տալ կլոնավորմանը եւ կենտրոնանալ մաշկային բջիջներից բնային բջիջներ ստանալու վրա։ Շոտլանդացի գիտնականի խոսքերով` այս հայտնագործությունը կենսաբանության մեջ սկիզբ դրեց մի նոր դարաշրջանի։ Հետազոտողները նշում են նաեւ, որ տվյալ միջոցի առավելությունը գործընթացի պարզությունն է. մաշկային բջիջը բնային բջջի վերածելու համար պահանջվում է ընդամենը չորս գեն։ Ավելին, ի տարբերություն Ուիլմութի մշակած մեթոդի, այս դեպքում փորձարկումները կարելի է իրականացնել սովորական լաբորատորիայում, ինչը շատ ավելի հեշտ է եւ, բացի այդ, ավելի էժան։

Ավելացնենք նաեւ, որ նախնական փորձարկումները կատարվել են մկների վրա, որի ժամանակ օգտագործվել են վերջիններիս բջիջները։

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ ընդամենը մի քանի ամիս անց հիվանդի մաշկից ստացված բնային բջիջների օգնությամբ հնարավոր կլինի վերականգնել օրգանիզմի աշխատունակությունը։ Նախ` մասնագետները պետք է համոզված լինեն, որ «մաշկային» բնային բջիջներն իսկապես բազմագործառութային են եւ դրանք առանց որեւէ մտավախության կարելի է «ներարկել» տարբեր օրգանների մեջ։  
«Այս հետազոտությունը միայն սկիզբն է, - ասում է հետազոտող խմբերից մեկի ղեկավար Ջեյմս Թոմսոնը` Վիսկոնսինի համալսարանից, - Մենք դեռ այդքան էլ հստակ պատկերացում չունենք այն մասին, թե ինչպես կգործեն այդ բջիջները»։


This entry was posted on 02:54 and is filed under . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

0 коммент.:

Blogroll